Ապրիլի 11-ին, ժամը 12.04-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում  հրդեհային ազդարարման ինքնաշխատ համակարգով ազդանշան է ստացվել ՀՀ Ազգային ժողովից:

«911» ծառայության օպերատորն անմիջապես կապ է հաաստատել Ազգային ժողովի անվտանգության աշխատակցի հետ, ով տեղեկացրել է, որ Ազգային ժողովում հրդեհ չի բռնկվել եւ հրշեջ-փրկարարական խմբի անհրաժեշտություն չկա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Ելք» խմբակցության պատգամավորներն ԱԺ դահլիճում այսօր ակցիա իրականացրեցին՝ ողջ դահլիճը լցնելով գունավոր ծխով:

Ելույթի համար ամբիոնին մոտեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը եւ հայտարարեց. «ՀՀ ազատ քաղաքացիներ, եկել է պահը, երբ մենք կարող ենք խախտել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանը եւ կերտել մեր երազանքների Հայաստանը: Դրա համար անհրաժեշտ է, որ ապրիլի 13-ին, ժամը 18.30-ին գաք Ազատության հրապարակում, որտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»:

Այդ ասելուց հետո նա գրպանից հանեց ծուխ արձակող սարքեր (ֆայեր) եւ վառեց դրանք: Նրան միացավ նաեւ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, որը եւս վառեց իր ձեռքին եղած ֆայերները: ԱԺ ամբողջ դահլիճը լցվեց գունավոր ծխով:

«Ելք»-ի պատգամավորների անակնկալ ակցիան ԱԺ դահլիճում. ողջ դահլիճը լցվեց գունավոր ծխով