Մինչ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ քննարկում է Ազգային ժողովի շենքը, պատգամավորների տները շրջափակելով՝ Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագրերի տապալման օպերացիան, պատգամավորները նախահարձակ են լինում՝ ընդվզողներին մատնացույց անելով իրավապահներին։
Հանրապետական խմբակցության պատգամավորները NEWS.am–ի հետ զրույցում պնդել են, որ որեւէ մեկը չի կարող խոչընդոտել ապրիլի 17–ին Ագային ժողովում իրենց քվեարկելու իրավունքի իրացումը, եթե նույնիսկ հազարներով շղթայեն խորհրդարանի շենքը։ «Որեւէ քայլ, որը օրենքի սահմաններից դուրս է եւ խախտում է գնահատվում, պիտի իրավապահների ուշադրության տիրույթում լինի, իսկ Ազգային ժողովի պատգամավորը առաջինը պիտի օրենքը հարգի, քանի որ մենք օրենսդիր մարմնի ներկայացուցիչ ենք եւ իրավունք չունենք խախտել օրենքները»,–ասաց ՀՀԿ–ական պատգամավոր Կարինե Աճեմյանը։
Վերջինիս գործընկեր Ռուզաննա Մուրադյանը, որը վստահ է, որ իրավունքը երկու երես ունի, հայտարարեց, թե չի կարող խոսել Փաշինյանի «քայլի» դեմ իր անելիքների մասին իր՝ «սենտիմենտալ երեւակայության» բացակայության պատճառով։ «Մարդու իրավունքը երկու երես ունի, որեւէ մեկը չի կարող իմ իրավունքը սահմանափակել։ Ես որեւէ հակաքայլ չեմ էլ նախատեսում ես չեմ մտածում մի քայլ, ուր մնաց՝ հակաքայլ։ Ես կանխատեսումներ չեմ ուզում անել։ Կոնկրետ գործնական եւ լուրջ եմ ուզում մոտենալ հարցին, դա այն է, որ այսօր չի կարող քաղաքական խմբի մի մասը խոսի ամբողջ ժողովրդի շահերից։ Իմ քայլը կլինի այն, ինչ որ կլինի եւ դրա պատասխանը կտեսնեք»,–սպառնաց ՀՀԿ–ական պատգամավորը։
Հարցին՝ ինչպե՞ս է ճեղքելու ընդվզողներով շղթայված Ազգային ժողովի մուտքերը, պատասխանեց. «Ես սենտիմենտալ ֆիլմերի սցենարներ չեմ գրում, որ կարողանամ պատասխանել»։
Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագիրը տապալելու փաշինյանական սցենարի դեմ ոչ պակաս մարտական է տրամադրված «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ «Կարծում եմ՝ այդպիսի սահմանադրական կարգ հայտնի չէ, որ ժողովուրդը կամ նրա մի զանգվածը թույլ չտան որեւէ պատգամավորի մտնել Ազգային ժողով, այլ խնդիր է, որ փորձեն տեսակետները այնպես հնչեցնել, որ ազդի մարդկանց տրամադրության ու հայացքի վրա։ Որ չթողնեն պատգամավոր ներս մտնի, դա իրավական առումով հետեւանքներ պիտի ունենա»,–ասաց իրավաբան պատգամավորը՝ սպառնալով, հակաքայլը չի ուշանա։
«Անձամբ ես մուտք եմ գործելու Աժ եւ որեւէ մեկը չի կարող իմ գործողությունների վրա ունենալ ազդեցություն այդ եղանակով, եթե իմ հանդեպ քայլ լինի, ես հակաքայլը կորոշեմ»։
Պատգամավորը վստահեցրեց՝ իրավապահների միջամտության կարիքը չունի. «Իմ քայլի տերը ես եմ, ես երբեք իրավապահների ծառայությունից չեմ օգտվել կարծում եմ, որ այդ անգամ էլ անհրաժեշտություն չի լինի»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմը Ազատության հրապարակ կհասնի ապրիլի 13–ին։ «Իմ քայլը» քայլարշավով դեպի հրապարակ ճանապարհ են ընկել մարտի 31–ից՝ Լոռու մարզից։ Նախնական սցենարով ապրիլի 17–ին Ազատության հրապարակից ցուցարարները կշարժվեն Բաղրամյան պողոտա՝ շրջափակելու Ազգային ժողովի շենքը։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն արդեն հայտարարել է՝ Սերժ Սարգսյանի թեկնածությունն են առաջադրելու վարչապետի պաշտոնում, իսկ Սերժ Սարգսյանը 2014–ին ի լուր աշխարհի հայտարարել էր, որ անընդունելի է համարում երրորդ անգամ երկրի ղեկավարի պաշտոնին հավակնելը։




























