«Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները քիչ առաջ ավարտել են երթը Բաղրամյան պողոտայում։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթի մասնակիցները բարձրացել են բաղրամյան պողոտայով եւ փակել են Դեմիրճյան փողոցի խաչմերուկը։ Ոստիկանները նախազգուշացրել են, որ չի կարելի փակել պողոտան։ Մի քանի րոպե նստելուց հետո ցուցարարները ծափահարել են ոստիկաններին եւ ավարտել են այսօրվա ակցիան։

Նշենք, որ նրանք օրվա ընթացքում փակել էին նաեւ Տիգրան Մեծ եւ Մաշտոցի պողոտաները։

Նշենք, որ ընդդիմադիրները փորձում էին արգելափակել ՀՀԿ գրասենյակի շենքը, որ ՀՀԿ-ականները չկարողանան գալ շենք եւ մասնակցել Գործադիր մարմնի այսօրվա նիստին։ Սակայն նրանք չկարողացան շրջափակել շենքը, քանի որ ոստիկանները պատնեշ էին կառուցել եւ չթույլատրեցին որեւէ մեկին մոտենալ շենքին:

ՀՀԿ-ն այսօր քննարկեց եւ միաձայն առաջարկեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որը շաբաթ օրը առաջարկելու են ՀՀԿ խորհրդին՝ հաստատելու համար։

Նշենք, որ այսօրվա երթը մեկնարկել է Գարեգին Նժդեհի հրապարակից. Ցուցարարները Զորավար Անդրանիկ կայարան են եկել մետրոյով՝ իրազեկելով ապրիլի 13-ին կայանալիք հանրահավաքի մասին։