Ապրանքների հայտարարագրումն ապրիլի 1-ից իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով ներդրված համակարգի շնորհիվ կատարվում է էլեկտրոնային մաքսային հսկողություն՝ էլեկտրոնային ստորագրության առկայությամբ։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ էլեկտրոնային հայտարարագրի ավտոմատ գրանցումից հետո «կանաչ ուղու» ընտրության դեպքում, հայտարարատուն կարող է անմիջապես ժամանակավոր պահպանման պահեստից ստանալ ապրանքները. մաքսային հայտարարագրի եւ դրանում առկա տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի թղթային տարբերակները ներկայացնելու կամ վճարումներ կատարելու համար մաքսատուն այցելելու անհրաժեշտություն այլեւս չկա: «Բիզնես-մաքսային մարմին շփումը պարզեցնելու միտված այս նախաձեռնությամբ կրճատվում է մաքսային գործողությունների ժամանակը, նվազագույնի հասնում մաքսավոր-տնտեսվարող շփումը եւ մաքսատուն-վարչություն ներկայանալու անհրաժեշտութունը»,-նշել է ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Աղասի Աղայանը՝ հավելելով, որ հայտարարագրի լրացումից մինչեւ գնահատում եւ վճարում՝ մաքսային բոլոր գործառնությունները կատարվում են առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության:

Էլեկտրոնային հայտարարագրման ներդրման օրվանից մինչեւ այսօր Արարատյան մաքսատուն-վարչությունում ներկայացվել եւ բաց է թողնվել մոտ 1000 էլեկտրոնային հայտարարագիր: Աղասի Աղայանը տեղեկացրել է, որ ՊԵԿ մաքսային ծառայողները շարունակում են օգնել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին՝ ապրանքի հայտարարագիր ներկայացնելիս, մինչեւ նրանք ամբողջությամբ կտիրապետեն էլեկտրոնային հարթակում հայտարարագրումն ինքնուրույն կատարելու գործընթացին: