«Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը հինգշաբթի Մոսկվայի քաղաքային դատարան է ներկայացել տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի դատավճռի դեմ բողոքի վերաբերյալ նիստին  ցուցմունք տալու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սեչինը դատարան է ներկայացել: Ցուցմունքները առեւտրային գաղտնիք են պարունակելու, ինչի կապակցությամբ խնդրում եմ փակ ռեժիմով հարցաքննություն անցկացնել», - ասել է դատախազ Ալեքսեյ Նեպորոժնին:

Բացի այդ, ապրիլի 12-ին Մոսկվայի քաղաքային դատարանը մերժեց Ուլյուկաեւի կնոջը՝ Յուլիա Խրյապովային որպես իր հրապարակային պաշտպան ներկայանալ դատավճռի դեմ բողոքի նիստերին:

«Ուլյուկաեւն ունի չորս որակավորված պաշտպան, Ուլյուկաեւի կինը իրավաբանական կրթություն չունի եւ չի կարող որակյալ օգնություն ցույց տալ», -ասել է  դատավորը:

Նշենք, որ Տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի առողջական վիճակը գնահատվում է բավարար:  Նա կաշառք ստանալու համար ութ տարվա ազատազրկման է դատապարտվել:

Ինչպես նախկինում հայտնել է աղբյուրը, Ուլյուկաեւը կարող է ազատվել գաղութում պատիժը կրելուց հիվանդությունների առկայության պատճառով՝ կառավարության կանոնակարգերին համապատասխան:

2017 թվականի դեկտեմբերի 15-ին Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը Ուլյուկաեւին մեղավոր ճանաչեց եւ 8 տարվա ազատազրկման եւ 130 մլն ռուբլի չափով տուգանքի դատապարտեց 2 մլն դոլար կաշառք ստանալու համար:

Դատարանն արգելել է Ուլյուկաեւին պատիժը կրելուց հետո 8 տարվա ընթացքում պետական պաշտոններ զբաղեցնել, սակայն պետական պարգեւներից  չի զրկել: