Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը ցույց է տալիս, որ Վաշինգթոնը չարաշահում է դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի դերը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ նոր պատժամիջոցների սահմանումը նշանակում է, որ ԱՄՆ-ն զարգանում է մի ուղղությամբ, որը տասնամյակներ շարունակ վարած նրանց քաղաքականությանը հակադիր է։

«Նրանց ամբողջ համակարգը, ներքին կառուցվածքը շարունակում է զարգանալ մի ուղղությամբ, որը արմատապես տարբերվում է ամերիկյան հասարակարգի հիմքերից՝ տեղի է ունենում բիզնես շահերի անտեսում, դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի դերի չարաշահում, տնտեսական օպերատորներին իրենց մոտեցումների պարտադրում՝ մասամբ ի վնաս հենց իրենց»,-ասել է նա։

Ռյաբկովի խոսքով՝ Մոսկվան հակառուսական պատժամիջոցներին պատասխան գործողություն է մշակում։