Դանիան «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության հարցով որոշումը կապել է Ուկրաինայի տարածքով գազը տարանցելու մասին Ռուսաստանի կողմից երաշխիքների հետ։
«Այս առումով ուկրաինական հարցը վճռորոշ նշանակություն ունի»,-նշել է Դանիայի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հանդիպումից հետո, փոխանցում է DW-ն։
Ռասմուսենը հիշեցրել է, որ երկիրը դեռ համաձայնություն չի տվել Դանիայի բացառիկ տնտեսական գոտում գազատարի շինարարության շուրջ։ Դանիական օրենքները պահանջում են, որ կառավարությունը որոշում կայացնելիս հաշվի առնի աշխարհաքաղաքական շրջանակային պայմանները։
Հասկանալի է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի պարագայում խոսքը միայն կոմերցիոն նախագծի մասին չէ, բայց նաեւ քաղաքականության։ Նրա խոսքով՝ այս գազատարի շինարարությունը միայն Դանիային չի վերաբերում, ուստի ինքն ուրախ է, որ ապրիլի 10-ին կանցլեր Մերկելը այս հարցով հանդես է եկել միանշանակ հայտարարությամբ։



























