ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, կողմերը քննարկել են Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, Սիրիային հարվածը, Վենեսուելայի ճգնաժամը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տանը:

«ԱՄՆ փոխնագահ Մայք Փենսը հանդիպել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ առանցքային հարցեր քննարկելու համար՝ կապված առեւտրի, անվտանգության եւ ժողովրդավարության հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Երկու առաջնորդները նշել են Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագրին արագ հասնելու կարեւորությունը, փոխնախագահն ընդգծել է, որ գործարքը պետք է ապահովի արդար եւ փոխադարձ առեւտուր: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել վարչապետ Թրյուդոյին Սիրիայում ի պատասխան քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի կիրառման ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի գործողություններին Կանադայի վճռական աջակցության համար: Երկու առաջնորդները մտահոգություն են հայտնել Վենեսուելայի կործանարար ճգնաժամի վերաբերյալ եւ խոսել են այն մասին, թե ինչպես շարունակեն նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի վրա ճնշման գործադրումը՝ ժողովրդավարության վերականգնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային ավիահարվածներ են հասցրել ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի կատարման մեջ Արեւմուտքը մեղադրում է սիրիացի զինվորականներին: ԱՄՆ հայտարարությամբ՝ հարվածները կատարվել են Դումայի ու Հոմսի շրջաններում երեք թիրախներին, որոնք կասկածվում են Սիրիայի քիմիական զենքի ստեղծման ծրագրի հետ կապ ունենալու մեջ՝ գիտահետազոտական ինստիտուտին, հրամանատարակաան կետին եւ պահեստներին: Ինչպես նաեւ Հոմսում քիմիական զենքի 2 պահեստի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի Հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Գուտայի Ադ Դումեյր օդանավակայանը: