Կիպրոսի նախագահ Դիմետրիս Խրիստոֆիասի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ պետական այցով մեկնել է Կիպրոսի:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ հունվարի 17-ին նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դիմետրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը, որից հետո տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում:

Նախատեսվում է մի շարք ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում:

Օրվա երկրորդ կեսին նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսի առեւտրա-արդյունաբերական պալատում ներկա կգտնվի երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ գործարար համաժողովի բացմանը:

Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաեւ  Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ: