Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը: Միայն անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 550 կրակոց, որի հետեւանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 14-ին ժամը 12.25-ի սահմանում շփման գծի հարավարեւելյան (Մարտունու) ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված գնդակից ձախ անրակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող 19-ամյա Վարդան Անդրանիկի Հարությունյանը:

Ժամը 12.50-ին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիճակը բավարար է:

Դրանից մեկ օր անց` հունվարի 15-ին ժամը 17.20-ի սահմանում նմանատիպ մեկ այլ միջադեպ է արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի  արեւելյան  (Ասկերանի) ուղղությամբ: Հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում ձախ բազկի շրջանում հրազենային վիրավորում է ստացել ՊԲ շարքային զինծառայող 19-ամյա Խաչատուր Մուրադի Ասլանյանը:

Ժամը 18.00-ին տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վիճակը բավարար է:

Վերոնշյալ միջադեպերի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են: