ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող` զանգվածային անկարգությունների եւ անօրինական հավաքների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են եւս 11 ցուցարարներ` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու, անցկացնելու եւ դրանց մասնակցելու, ինչպես նաեւ զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

Քրեական գործի նյութերի համաձայն` վերը նշված անձինք ակտիվորեն մասնակցել են 2018թ. ապրիլի 13-ից օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքներին, այդ թվում` երթերին, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ` տեւական ժամանակով խախտելով դրանց բնականոն աշխատանքն ու վտանգելով հասարակական անվտանգությունը: Անօրինական հավաքի մասնակիցները պարբերաբար փակել են մի շարք պողոտաներ եւ փողոցներ, խոչընդոտել պետական եւ այլ կառույցների բնականոն գործունեությանը, կազմակերպել զանգվածային անկարգություններ եւ մասնակցել դրանց` բռնություն կիրառելով ոստիկանության ծառայողների ու այլ անձանց նկատմամբ:

ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված ցուցարարներից եւս 11-ը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կազմված քննչական խմբի քննիչների կողմից ձերբակալվել են վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով:

2018թ.-ի ապրիլի 23-ի դրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձերբակալվել են անօրինական հավաքներ կազմակերպելու, անցկացնելու, ինչպես նաեւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց ընթացքում բռնություն գործադրելու մեջ կասկածվող` ընդհանուր առմամբ 41 անձինք:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ձերբակալվածների թվում են նաեւ 2018թ.-ի ապրիլի 13-ից Երեւան քաղաքում անօրինական հավաքներ կազմակերպող եւ անցկացնող ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն  Միքայելյանը, Արարատ Միրզոյանը:

Նախաքննության ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ձերբակալվել են նաեւ անօրինական հավաքների կազմակերպիչներից Տիգրան Մազմանյանը, Արմեն Գրիգորյանը եւ Դավիթ Սանասարյանը: Իսկ Գոռ Միրզոյանը, Էրիկ Խաչատրյանը, Հայկարամ Մնացականյանը եւ Գեւորգ Մանուկյանը ձերբակալվել են անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցելու եւ զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

2018թ.-ի ապրիլի 23-ի դրությամբ ձերբակալվածներից 4-ն արդեն մեղադրյալի, իսկ մնացածը` դեռեւս կասկածյալի կարգավիճակում են: 

Մեղադրյալներից Տ. Մազմանյանի, Գ. Միրզոյանի եւ Հ. Մնացականյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Է. Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է հսկողության հանձնելու մասին խափանման միջոցը: Հաշվի առնելով վերջինիս անչափահաս լինելու հանգամանքը` նրա պատշաճ վարքագծի նկատմամբ հսկողության պարտականությունը դրվել է ծնողի վրա:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ակտիվ շարունակվում է անհրաժեշտ քննչական եւ քրեադատավարական այլ գործողությունների իրականացումը, ինչպես նաեւ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած եւ հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Ժամը 12:00-ի դրությամբ 33 քաղաքացի է բերման ենթարկվել