Մոսկվան Հյուսիսային եւ Հարավաին Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընի եւ Մուն Չժե Ինի հանդիպումը գնահատում է որպես նշանակալի քայլ դեպի  ազգային հաշտեցում եւ փոխադարձ ամուր կապերի հաստատում, հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը: «Ողջունում ենք ապրիլի 27-ին Փհանմունջոմում հաջող անցկացված երկու կորեական պետությունների առաջնորդների հանդիպումը: Այն դիտարկում ենք որպես Սեուլի եւ Փհենյանի նշանակալի քայլ դեպի ազգային հաշտեցում եւ փոխադարձ ամուր կապերի հաստատում, որոնք ինքնուրույն արժեք ունեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է նաեւ, որ պատրաստ է նպաստել Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ գործնական փոխգործակցության հաստատմանը, այդ թվում՝ երկաթուղում, էլեկտրաէներգետիկ, գազային եւ այլ ոլորտներում եռակողմ կոոպերացիայի զարգացման միջոցով:

«Կշարունակենք ներգրավված երկրների հետ համակարգմամբ այս ուղղությամբ ջանքեր ներդնել կորեական հարցի կարգավորման ռուս-չինական «ճանապարհային քարտեզի» հունում»,- նշված է հայտարարության մեջ: