Ապրիլի 26-ին՝ ժամը 8-ի սահմաններում, մի տղամարդ ու մի երիտասարդ, որոնք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, եկել են ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունք ու հայհոյանքներ տվել։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժանմունքի ծառայողները փորձել են կարգի հրավիրել նրանց, սակայն նրանք շարունակել են ագրեսիվ վարքագիծ դրսեւորել։ Այդ ընթացքում տղամարդը դանակով հարվածել է բաժանմունքի օպերլիազորներից մեկի որովայնին։ Ոստիկանության ծառայողին մարմնական վնասվածք հասցնելուց հետո նրանք փախել են։
Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները պարզել են եւ՛ տղամարդու, եւ՛ երիտասարդի ինքնությունը։ Նույն օրը` ժամը 11-ն անց 20-ի սահմաններում, 52-ամյա Հարություն Իսկանդարյանը հայտնաբերվել է ու բերման ենթարկվել ոստիկանություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ եւ մկրատ։ Իսկանդարյանը ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու ձերբակալվել։
Նույն օրը՝ ժամը 23-ի սահմաններում էլ հայտնաբերվել ու բերման է ենթարկվել նաեւ նրա քրոջ որդին՝ Գագիկ Նազարյանը։ 28-ամյա Նազարյանը եւս ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու ձերբակալվել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության եւ իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն։




























