ՀՀ վերահսկիչ պալատից ստացվել է 2017 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարությում իրականացված՝ հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի ստուգման արդյունքները, որոնցով արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր:
Պարզվել է, որ ծրագրով տոհմային երինջների բաշխման եւ հատկացման փուլում ՀՀ գյուղատնտեսության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված՝ ՀՀ ներկրվող տոհմային երինջների բաշխման հանձնաժողովի կողմից մասամբ են հաշվի առնվել երինջների պահպանման անասնաբուժասանիտարական եւ տեխնոլոգիական պայմանները, շահառուների ֆինանսական հնարավորությունները, ծրագրի պատշաճ իրականացման համար չեն կիրառվել համապատասխան հսկողական մեխանիզմներ:
Արդյունքում, մի շարք դեպքերում ծրագրում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտները ոչ միայն չեն կատարել պայմանագրերով ստանձնած տարաժամկետ վճարման պարտավորությունները, այլեւ վերջիններիս մոտ ընդհանրապես առկա չեն ծրագրով ձեռքբերված երինջները:
Մասնավորապես Ֆիզիկական անձ Ա. Մ.-ն (գործունեության վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ), 2015թվականին ձեռք է բերել 12 մլն. 158 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 10 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն ընդհանրապես չեն կատարվել:
Ավելին, չնայած արդեն իսկ ունեցած ժամկետանց պարտավորության, վերջինս 2016թ.-ին կրկին ձեռք է բերել 5 մլն. 674 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 5 գլուխ երինջ եւ ձեռքբերված երիջները շահառուի մոտ առկա չեն:
Ֆիզիկական անձ Գ. Հ.-ն, (գործ. վայրը՝ ՀՀ Արարատի մարզ), 2016թ.-ին ձեռք է բերել 46 մլն. 531. հազ դրամ ընդհանուր արժողությամբ 41 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն ընդհանրապես չեն կատարվել այն պարագայում, որ ձեռքբերված 41 գլուխ երինջները շահառուի մոտ առկա չեն:
Հիշատակված դեպքերով քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ եւ 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու հարցերը քննարկելու համար՝ կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ Արագածոտնի եւ ՀՀ Արարատի մարզերի դատախազություններ:
Վերահսկիչ պալատից ստացված նյութերում առկա են նաեւ պարտավորությունների չկատարման բազմաթիվ այլ դեպքեր, որոնցով ուսումնասիրությունները շարունակվում են:




























