Երկու երեխաների մայրը, որոնց դիակները հայտնաբերել են Նիժեգորոդսկի մարզի լքված պահեստում, խոստովանել է, որ սպանել է նրանց։ Կնոջը ձերբակալել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ապրիլի 26-ի երեկոյան հրշեջները կանչով մեկնել են Սեմենովսկի շրջանի լքված կառույց։ Հրդեհը լոկալ է եղել, այնտեղ հայտնաբերվել է երկու երեխաների այրված դիեր։
Հարուցվել է քրեական գործ։ Հետագայում կալանավորված 27-ամյա կինը խոստովանել է, որ մեքենայի սրահում խեղդել է երեխաներին՝ 2-ամյա տղային եւ 4-ամյա աղջկան։ Ապա փորձել է ազատվել երեխաների դիերից։ Ուղեւորվել է Շալդեժ գյուղի ուղղությամբ, սակայն որսորդները նրան վախեցրել են։ Ուստի որոշել է այրել դիակները։
Կինը հայտարարել է, որ դիմել է նման քայլի, քանի որ չի կարողացել նրանց արժանապատիվ կյանք ապահովել։ Նա բաժանված է եւ գործազուրկ։ Սակայն քննիչները պարզել են, որ ամսական ավելի քան 40 հազար է ծախսում ավտոտրանսպորտի վարձակալության համար եւ դրանից առաջ էլ արտասահմանում հանգստի ուղեւորության տոմս է պատվիրել։



























