Ապրիլի 27-ին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը հատուկ մարտավարական ուսումնավարժություններ էր կազմակերպել «Փեթակ» (հասցե՝ Արշակունյաց պողոտա 17ա) եւ «Երեւան» (հասցե՝ Ս.Զորավարի փ. 11/1շենք) տոնավաճառներում՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների եւ քաղաքացիների տարահանումը» թեմայով:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վարժանքի նպատակներն են` ստուգել տնտեսվարողների անձնակազմի եւ արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, կատարելագործել անձնակազմի եւ արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:
Համաձայն վարժանքների սցենարի՝ տոնավաճառներում առաջացել է հրդեհ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը չեն գործել: Աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել, եւ առաջին հարկը ծխապատվել է, առկա է մարդկանց տարահանման խնդիր:
Վարժանքի մեկնարկից հետո Փրկարար ծառայության ուժերն իրականացրեցին մի շարք օպերատիվ գործողություններ՝ հետախուզում, աշխատակիցների եւ հաճախորդների տարահանում, փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում:
Ուսումնավարժանքի ընթացքում հայտնաբերվել են որոշակի թերություններ, մասնավորապես՝ բացթողումներ տարահանման պլաններում, տոնավաճառներում ապրանքների ոչ ճիշտ տեղակայում եւ դասավորություն, որը հրդեհի դեպքում կխոչընդոտի մարդկանց տարահանմանը, հրդեհաշիջման եւ ազդարարման ինքնաշխատ համակարգերի թերի աշխատանքը, տարհանման նեղ ուղիներ եւ ելքեր, հրդեհաշիջման պարզագույն միջոցների ոչ բավարար քանակը եւ այլն:
ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկում ունեցան տոնավաճառների պատասխանատուների հետ՝ արտակարտգ իրավիճակներում անձնակազմի առաջին գործողությունների վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում կազմակերպել դասընթացներ՝ հրդեհի դեպքում անձնակազմի պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաեւ՝ համատեղ ուժերով շտկել առկա թերությունները:
Նշենք, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ, ակտիվացրել է հրդեհային անվտանգության եւ տարահանման միջոցառումների իրականացման գործընթացը՝ հայտարարելով «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում նշված թեմաներով ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առեւտրի եւ ժամանցի խոշոր կենտրոններում:




























