Հրազդանում ապրիլի 21-ին, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ երիտասարդների կազմակերպած երթի ժամանակ ոստիկանական մեքենայի կողմից վրաերթի ենթարկված եւ Հրազդանի բժշկական կենտրոնում հայտնված 17-ամյա Ժորա Դանիելյանն արդեն հիվանդանոցից դուրս է գրվել եւ բուժումը կշարունակի տանը:
Ժորա Դանիելյանը NEWS.am-ին մանրամասներ է պատմել դեպքի մասին՝ նշելով. «Մենք խաղաղ երթ էինք անում, հասել էինք դատարանի մոտ, մեկ էլ ոստիկանության ՊՊԾ-ի մեքենան հետեւից հարվածեց, ու ես ընկա դիմացի մեքենայի վրա: Երեխեքը խառնվեցին, սկսեցին գոռալ՝ «Կանգնի, կանգնի», բայց ինքը չէր կանգնում, շարունակում էր քշել: Ոստիկանն անգամ չիջավ ու օգնություն ցույց չտվեց: Էդտեղ հավաքված ոստիկաններից եւ ոչ ոք չօգնեց: Ինձ ցուցարարներն են հասցրել հիվանդանոց: Ոստիկանը մի անգամ է եկել հիվանդանոց ու ասել, թե արգելակները չեն աշխատել»: Ժորան նշեց, որ այդ քայլով փորձել են իրենց վախեցնել, ճնշել:
Ժորայի մայրը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչ ոք չի հետաքրքրվել Ժորայի առողջությամբ. «Ոչ ոք չի եկել ու ոչինչ չեն ասել, Ժորան ասում է, որ էդ վարորդը մի անգամ եկել ու ինքն իրեն գովել է, թե ինձ հալալա, որ կարողացել եմ կանգնեցնել մեքենան: Ես գտնում եմ, որ էդ ոստիկանը պիտի պատժվի»:
Նշենք, որ այս դեպքի առնչությամբ ոստիկանությունը օրերս հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Կատարվածի պատճառ է հանդիսացել ճանապարհի երթեւեկելի մասում հավաքի մասնակից քաղաքացիների, ինչպես նաեւ ավտոմեքենաների արհեստական, միտումնավոր եւ հակաօրինական կուտակումը: Ճանապարհահատվածը երթեւեկելի դարձնելուն ուղղված աշխատանքների ընթացքում ոստիկանության ավտոմեքենայի վարորդը չի հասցրել արգելակել այն պատճառով, որ երեխան երթեւեկելի հատվածում անօրինական հավաքի մասնակիցների շարքում պարզապես վազքով անցնելիս ինքն է հայտնվել մեքենայի դիմաց, ինչին նպաստել է նաեւ առջեւից ընթացող ավտոմեքենայի անակնկալ եւ ոստիկանի պահանջներին հակառակ արգելակելը»:
Հայտնենք, որ տղան վթարի հետեւանքով կոնքի շրջանում կոտրվածք է ստացել: Դեռ մեկ ամիս պիտի պառկի տանը, որից հետո մեկ ամիս էլ քայլի հենակներով: Ժորան ձյուդոիստ է, պատրաստվում էր մրցումների, որին, սակայն, չի մասնակցի:




























