Հրդեհների եւ տեխնածին վթարների կանխարգելման, հետեւանքների վերացման, դրանց հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաեւ բնակչության եւ շրջակա միջավայրի պաշտպանության համար յուրաքանչյուր տնտեսվարող պետք է անվերապահորեն կատարի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջները:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունն իրականացնում է պետական հսկողություն նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, օրենքով սահմանված կարգով ստուգումներ, հրդեհատեխնիկական հետազոտություններ եւ կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ:

Մշտական ուշադրության կենտրոնում են արտադրական վտանգավոր օբյեկտները (ԱՎՕ): 2018 թ.-ի սկզբից թվով 54 ԱՎՕ-ների՝ տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու համար, տրվել են շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրեր: ԱՎՕ-ների նկատմամբ հարուցվել է 74 վարչական վարույթ, այս պահին նշանակվել է 36 միլիոն դրամի վարչական տուգանք:

Հատկապես կարեւորվում է շարժական գազալցակայանների անվտանգության հարցը, քանի որ դրանք համարվում են խիստ հրդեհապայթյունավտանգ օբյեկտներ եւ դրանցում առաջացած հրդեհներն ու տեխնածին վթարները, որպես կանոն, ուղեկցվում են ծանր հետեւանքներով: 50-ից ավելի շարժական գազալցակայանների տրվել են շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրեր, հարուցվել է 57 վարչական վարույթ: Իրականացված աշխատանքների արդյունքում, վերջին շրջանում նկատվում է որոշակի դրական միտում նշված բնագավառում: Շարժական գազալցակայաններ շահագործող բազմաթիվ տնտեսվարողներ դիմում են ՀՀ ԱԻՆ՝ իրենց ԱՎՕ-ները հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:

Նշենք նաեւ, որ ի կատարումն ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանի հանձնարարականի՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ, այլ գերատեսչությունների տեսչական մարմինների հետ համատեղ, շարունակում են ստուգումներ եւ հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման եւ ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես երեխաների համար նախատեսված ժամանցային վայրերը: ՀՀ մարզերում եւ Երեւանում գտնվող 230-ից ավելի օբյեկտներում արդեն իսկ իրականացվել են ստուգումներ եւ հետազոտություններ, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Կարգադրագրերում նշված ժամկետների ավարտին կիրականացվի կրկնակի ստուգայց, նշված թերությունները վերացրած չլինելու դեպքում տվյալ տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի:

Հրդեհների եւ տեխնածին վթարների կանխարգելման, հետեւանքների վերացման, դրանց հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաեւ բնակչության եւ շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով նամակներ են ուղարկվել 300-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների`՝ իրազեկելով հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտի նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների, ինչպես նաեւ՝ դրանց չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւս մեկ անգամ հիշեցնում եւ հորդորում է տնտեսվարողներին «Հրդեհային անվտանգության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն ապահովել հրդեհային եւ տեխնիկական անվտանգության պահանջների կատարումը՝ ինչը թույլ կտա բացառել հրդեհների, տեխնածին վթարների առաջացման հնարավորությունը եւ խուսափել ծանր հետեւանքներից: