ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Հրազդանի կիրճում հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, մահվան հանգամանքները:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. ապրիլի 26-ին՝ ժամը 09:50-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Հրազդանի կիրճում՝ դեպի Դավթաշեն տանող հատվածում, հայտնաբերվել է մոտ 30 տարեկան տղամարդու դի՝ բռնության հետքերով:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դիակի ինքնությունը պարզելու ուղղղությամբ: Համապատասխան հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին:
Կից հրապարակում ենք հայտնաբերված դիակի լուսանկարները եւ խնդրում բոլոր նրանց, ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված տղամարդուն կամ որեւէ տեղեկություն ունեն նրա վերաբերյալ, դիմել ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Տղամարդը թխամաշկ է, սեւահեր, սեւ մորուքով, մարմնի տարբեր հատվածներում ունի դաջվածքներ:
Հայցում ենք տուժողի հարազատների եւ համաքաղաքացիների ներողամտությունը՝ լուսանկարի հրապարակման համար։




























