Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 16:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում ավտոմեքենան մոտ 320 մետր գահավիժել է անդունդը եւ կան վիրավորներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, փրկարարները՝ մեծ թվով քաղաքացիների օգնությամբ, մեծ դժվարությամբ, նաեւ վտանգելով իրենց կյանքը, անդունդից դուրս են բերել 3 վիրավորներին, ովքեր նախ՝ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել օպերատիվորեն ժամանած Արարատի հիվանդանոցի բժիշկների կողմից, եւ տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ «Nissan X-Trail» մակնիշի 001 QQ 24 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գահավիժել անդունդը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներն են. Երեւան քաղաքի բնակիչներ` 35-ամյա Վիկտոր Միխայլովը, 38-ամյա Անահիտ Զաքարյանն ու 43-ամյա Արման Երիցյանը:
Ըստ տեղեկությունների, նրանցից մեկը մասնագիտությամբ օպերատոր է, մեկը՝ ռեժիսոր, մեկն էլ՝ ադմինիստրատոր:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին նաեւ, որ ավտոմեքենայում եղել է նաեւ շուն, եւ երբ մեքենան գահավիժել է անդունդը, շունը դուրս է եկել ճանապարհ եւ իր հաչոցներով գրավել վարորդների ուշադրությունը, եւ երբ վարորդները ավտոմեքենաները կայանել են ու մոտեցել շանը, շունը վազել է դեպի վթարի վայր ու այդ ժամանակ վարորդները նկատել են անդունդում գլխիվայր հայտնված ավտոմեքենան ու վիրավորներին:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:




























