ՍԴ դատարանի դատավորը ոչ միայն պետք է ունենա մասնագիտական բարձր գիտելիքներ, այլև դատավորին հատուկ հատկանիշներ, բայց մենք դրա մասնագետը չենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում ՍԴ անդամի ընտրության ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Նա հիշեցրեց, որ 32 ՀԿ-ներ կոչ են արել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հետ կանչել ՍԴ անդամի համար Էմիլ Բաբայանի թեկնածությունը, ապա առաջարկեց ստեղծել ՀՀ նախագահին կից մասնագիտական խումբ եւ ՍԴ դատավոր ընտրել ներկայացված թեկնածուների շարքից. «Դա չի հակասի Սահմանադրական կարգավորումներին: Կոչ եմ անում փոխել սկզբունքը եւ մասնագիտական դատարանի անդամ ընտրել ՀՀ նախագահի կողմից ներկայացված, բայց միաժամանակ մասնագիտական խմբի կողմից ընտրված անձանց շարքից»:

Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ իրենք չեն քվեարկի Էմիլ Բաբայանի թեկնածության օգտին, եւ նա հնարավորություն կունենա մասնակցել մրցույթում ու հաղթել:

Նշենք, որ Էմիլ Բաբայանին ՍԴ անդամի թեկնածու է առաջարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Քաղաքական գործընթացները սահմանադրության շրջանակում պահելուց որեւէ շեղում ողբերգության կարող է բերել. Էմիլ Բաբայան