Հայաստանում որսի շրջանը շարունակվում է, իսկ մեր երկրի պայմաններում որսի նկատմամբ վերահսկողությունը գործնականորեն հնարավոր չէ: Նման կարծիք է հայտնել «Թռչունների պահպանման հայկական ՀԿ»-ի նախագահ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանը:
Նրա խոսքով, Որսորդների եւ ձկնորսների միությունում գրանցված որսորդների թիվը հասնում է 25 հազարի, որոնց պետք է ավելացնել եւս 5 հազար, որոնք գրանցված են «Զինվորական որսորդների միությունում»: «Անհասկանալի է, թե ինչպես կարող են բնապահպանական պետական տեսչության 200 տեսուչներ վերահսկել նման թվով որսորդների»,- նշել է Ղասաբյանն ու հավելել. «անվերահսկելի որսը հանգեցրել է նրան, որ Հայաստանում դադարել են ձմեռել շատ թռչնատեսակներ»:
Հիշեցնենք, ՀՀ բնապահպանության նախարարի հրամանի համաձայն` օրինակ Օշականի կիրճում թույլատրվում է ջրլող կենդանիների որսը, բայց մեկ որսի ընթացքում 5-ից ոչ ավելի թռչուն, սակայն շատ դժվար է վերահսկել այդ ամենը:
Նշենք, որ ջրլող թռչունների որսի շրջանը փակվում է փետրվարի 28-ին:





























