Մայիսի 8-ին, 89 տարեկանում Լոնգ Բիչի իր տանը մահացել է ԱՄՆ Քալիֆորնիայի նախկին հայ նահանգապետ, հանրապետական գործիչ Ջորջ Դուքմեջյանը, հաղորդում է «Լոս Անջելես թայմսը»:

Նա երկու անգամ զբաղեցրել է Քալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը՝ ընտրվելով 1982 եւ 1986 թվականներին:

Հայտնի հանրապետական գործիչն իր կարիերան կառուցել էր հանցավորության դեմ պայքարի հենքի վրա՝ ամրապնդելով պետության քրեական արդարադատության դիրքերը:

Դուքմեջյանը 16 տարի եղել է պետական օրենսդիր, իսկ 4 տարի՝ նահանգի գլխավոր դատախազ: Նա հաջողությամբ պաշտպանել է «զենք ես օգտագործել, գնա բանտ» օրինագիծը, գլխավորել է սոցիալական սպաստ ստացողների համար աշխատատեղերի ծրագիրը եւ այլն:

Դուքմեջյանը հայ ներգաղթյալների ընտանիքից է: Նա դարձել է ԱՄՆ-ում հայ ամենահայտնի պետական գործիչը: