Հայաստանում տեղի ունեցածը բացառիկ երեւույթ է, նման բան ամեն օր չի պատահում։ Այս մասին բրիտանական BBC–ի հետ հարցազրույցում հայտարարել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր նախորդներից տարբերվում է նրանով, որ քաղաքական ակտիվիստ է եղել եւ մնացել է ընդդիմություն։
Թանկյանը նշել է, որ ՀՀ գլխավոր խնդիրը կոռուպցիան է, եւ դա պետք է փոխվի. «Իրավիճակը սկսել էր եռալ, եկել էր մարդկանց տեղից շարժվելու ժամանակը, եւ նախաձեռնողները երիտասարդները եղան։ Սա բավականին բացառիկ իրադարձություն է՝ մի քանի շաբաթվա ընթացքում այսպիսի հեղափոխություն»,–նշել է Թանկյանը՝ հավելելով, որ Հայաստանում տեղ գտած իրադարձությունները Արեւմուտքի եւ Արեւելքի պայքար չէ։





























