ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է քննվում ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ 2-րդ մասի 4-րդ կետով:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Լ. Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 22.03.2018թ.-ին` ժամը 00:22-ի սահմաներում, Երեւան քաղաքում գործող կարաոկե ակումբի մոտ տաքսու վարորդի հետ վիճաբանելու եւ իրեն ծեծի ենթարկելու կապակցությամբ ահազանգել է ոստիկանություն: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն իր ձեռքերին ձեռնաշղթաներ են հագցրել, ապա, պարեկային ավտոմեքենայի մեջ բռնություն գործադրելով, տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Այնուհետեւ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատասենյակներից մեկում վիճաբանել է իրեն բերման ենթարկած ոստիկանների հետ: Նշված արարքի համար ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել իրեն եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:





























