ԱՄՆ Օվկիանոսային եւ մթնոլորտային հետազոտությունների վարչության եւ Խաղաղօվկիանոսյան հյուսիսարեւմտյան լաբորատորիայի մասնագետները գրանցել են ատլանտյան մրրիկների ուժի անոմալ աճ:

Հետազոտողների եզրահանգումների համաձայն՝ հիմնական պատճառը բնական կլիմայական շրջափուլն է, որը կոչվում է հյուսիսատլանտյան օսցիլյացիա: Հավանաբար, իր ներդրումն ունի նաեւ գլոբալ տաքացումը՝ փոթորիկների ուժն անկանխատեսելի դարձնելով, հայտնում է EurekAlert!-ը:

Ցիկլոնի ինտենսիվության արագ աճի դեպքում արագությունը 24 ժամում մեծանում է ժամում 36 կիլոմետրով: 2017 թվականին սա դիտվել է «Հարվի», «Իրմա», «Խոսե» եւ «Մարիա» փոթորիկների դեպքում:

Հետազոտողները վերլուծել են վերջին 30 տարում փոթորիկների ուժի մասին արբանյակային տվյալները եւ հայտնաբերել, որ փոթորիկների քամու արագության միջին աճը ներկայումս ժամում 21 կիլոմետրով ավելի է, քան անցյալում: Յուրաքանչյուր տասնամյակը մեկ այս ցուցանիշը ժամում 7 կիլոմետրով մեծացել է:

Քամու արագության վրա տարբեր գործոններ են ազդում, ներառյալ ծովի մակերեւույթի ջերմաստիճանը, խոնավությունը, աճի ուղղությունն ու արագությունը, ինչպես նաեւ օվկիանոսի մերձմակերեւութային շերտի ջերմաստիճանը: Հյուսիսատլանտյան օսցիլյացիան, որն առաջին անգամ հայտնաբերվել է 2001 թվականին, գլխավորապես ազդում է ծովի մակերեւույթի ջերմաստիճանի վրա՝ այն տասնամյակների ընթացքում անկայուն դարձնելով: Հիմա այս երեւույթը դիտվում է Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական եւ արեւելյան հատվածներում: Գիտնականների ենթադրությամբ՝ այն կարող է կրել գլոբալ տաքացման ազդեցությունը:

2017-ին «Հարվի» արեւադարձային փոթորիկը Թեխասում աղետալի ջրհեղեղներ էր առաջացրել՝ դառնալով 2005-ի «Կատարինա» փոթորկից հետո ամենահզորը: Տարերային աղետի հետեւանքով  զոհվել էր 83 մարդ, իսկ ընդհանուր վնասը կազմել էր 70 մլրդ դոլար: