Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Շենգավիթի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով հերթական դատական նիստն այսօր՝ մայիսի 10-ին, հետաձգվեց:
NEWS.am-ի հետ զրույցում Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ նիստի հետաձգման պատճառը գործով մյուս ամբաստանյալ, փաստաբան Էլզա Զաքարյանի չգալն է եղել:
Նշենք, որ այս գործով դատաքննությունը մարտի 29-ին ավարտվել է, այսօրվա նիստին պետք է ճառով հանդես գար մեղադրող Կարեն Բիշարյանը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Իշխան Բարսեղյանը Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Փաստաբան Էլզա Զաքարյանն էլ, ըստ մեղադրանքի, կատարել է կաշառքի միջնորդություն:
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը, իսկ Էլզա Զաքարյանին՝ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդություն կատարելը: Դատավորը կալանքի տակ է, իսկ փաստաբանը ստորագրությամբ ազատ է արձակվել:





























