Պակիստանում «պատվի» սպանության համար հոր եւ որդու են ձերբակալել: Նրանք կասկածվում են իրենց դստեր եւ քրոջ սպանության համար: Իտալիայում բնակվող եւ այդ երկրի քաղաքացիություն ունեցող կինը Պակիստան էր եկել հարազատներին տեսնելու համար, փոխանցում է Reuters-ը: Սակայն այցելությունից մի քանի օր անց նրան մահացած են գտել: Ընտանիքը պնդում էր, որ կինը մահացել է «քրոնիկ խոցից եւ հիպոտոնիայից»: Սակայն տեղացի ակտիվիստները հայտարարել են, որ կինը սպանվել է հարազատների կողմից ընտանիքի ընտրած տղամարդու հետ ամուսնանալ չցանկանալու համար:

Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ կնոջը խեղդամահ են արել: Ձերբակալվել են նրա հայրը ու եղբայրը: Իտալական ԶԼՄ-ների տվյալներով՝ կինը Իտալիայում սիրեցյալ ուներ, որի հետ պատրաստվում էր ամուսնանալ, սակայն ընտանիքը դեմ էր կնոջ որոշմանը: