Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու լուծումները պետք է լինեն համարժեք այն լուծումներին, որոնք կիրառվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեպքում: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, որ վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո իր համար սպառված են հանրության ճնշման միջոցով ԱԺ-ին որոշումներ պարտադրելու ռեսուրսը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Քանի դեռ կա հանրային աջակցություն, դա լիարժեք կօգտագործվի երկրի զարգացման նպատակով: Այն պահից, երբ չի լինի հանրային աջակցություն, այդ պահից սկսած ես կդադարեմ լինել ՀՀ վարչապետ»:

Ավելի վաղ NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ մայիսի 11-ին, կառավարությունում քննարկվել է Սերժ Սարգսյանին բնակարանով ապահովելու հարցը: Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն` Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված բնակարանով ապահովելու համար լուծում գտնելու մասին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ավելի վաղ հրաժարվել էր Կառավարության ամառանոցի իր բնակարանից, որը կառավարության որոշմամբ իրեն էր հատկացվել: