Մեր քաղաքական թիմի համար ոչ պորտֆելների քանակն է կարեւոր, ոչ որակը, բայց կարող եմ վստահեցնել, որ տեսանելի հաջողություն կլինի այն ոլորտներում, որտեղ մեր քաղաքական թիմը  կլինի: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե կառավարության որ պորտֆելները բաժին կհասնի իրենց դաշինքին:

Նա ասաց, թե տեղյակ չէ՝ կոնկրետ ինչ պորտֆելների մասին է խոսքը եւ քանիսն են դրանք լինելու, սակայն ունի նախընտրած ոլորտներ, որտեղ հաջողությամբ կկառավարեն: Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ ցանկալի կլինի, որ ստանան սոցիալական ոլորտները:

«Անձամբ ինձ համար ցանկալի կլիներ, որ վստահվեր սոցիալական ոլորտը՝ առողջապահություն, կրթություն, սոցիալական հարցերի նախարարության ծառայությունները, բայց ես չեմ որոշողը, կուսակցության առաջնորդն է որոշելու այդ հարցերը»,-ասաց պատգամավորը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո հայտարարել էր, որ «Ծառուկյան» դաշինքը ներգրավված կլինի կառավարության կազմում:  Փաշինյանը չէր մանրամասնել, թե որ ոլորտների կառավարումն է վստահելու «Ծառուկյան» դաշինքին: