ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հետեւողական աշխատանքներ է տանում ռուսաստանյան պատկան մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների կողմից ՌԴ տարածքում ՀՀ ազգային վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեության իրականացման սահմանափակման վերացման հետ կապված խնդրի կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին հայտնել են ՌԴ-ում Հայաստանի դեսպանատնից։
«Վերոնշյալի շուրջ լրացուցիչ տեղեկատվություն կհայտնենք հետագայում»,- խոստացել են դեսպանատնից։
Նշենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնել էր, թե հունիսի 1-ից ռուսական օրենքով Հայաստանի քաղաքացիները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանա աշխատել Ռուսաստանի Դաշնությունում:
«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարորդական իրավունքի խնդրի հետ կապված դեռ 20 օր առաջ երկրորդ անգամ դիմել եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին եւ խնդրել միջոցներ ձեռք առնել մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:
Մինչ այժմ որեւէ պատասխան կամ արձագանք չեմ ստացել»,- գրել էր նա:




























