Բրիտանիան եւ Եվրամիությունը «բրեքսիթից» հետո պետք է սերտորեն համագործակցեն «Իսլամական պետության» դեմ պայքարելու եւ արեւմտյան ժողովրդավարությունները տապալելու Ռուսաստանի փորձերին հակազդելու համար: Այս մասին հայտարարել է բրիտանական հետախուզության՝ MI5-ի ղեկավար Էնդրյու Փարքերը, փոխանցում է Reuters-ը:

«Այսօրվա անորոշ աշխարհում մենք ընդհանուր ուժի ավելի շատ կարիք ունենք, քան երբեւէ»,- նշել է նա:

Բացի Սիրիայում եւ Իրաքում ԻՊ սպառնալիքից, Փարքերը նշել է Ռուսաստանին՝ որպես «թշնամական պետություն», որը փորձում է «ագրեսիվ եւ կործանարար գործողություններ» իրականացնել:

Փարքերը Կրեմլին մեղադրել է  «միջազգային կանոնների կոպիտ խախտումների մեջ» եւ ասել, որ Սոլսբերիում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձը Ռուսաստանի չարամիտ գործողությունների օրինակն է, որոնք այդ երկրին սպառնում են  վերածվել «մեկուսացված թշվառի»: