Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ ակնկալում է ռուս-ճապոնական խաղաղության պայամանագրի կնքման հարցի լուծումը ներկայիս սերնդի օրոք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ավելի քան 70 տարի չստորագրված խաղաղության պայմանագրի հարցը լուծելը հեշտ չէ, սակայն մեր սերնդի ժամանակ մենք ցանկանում ենք այդ խնդրին վերջակետ դնել»,-ասել է Աբեն։

Պուտինը, իր հերթին, կոչ է արել համբերատար շարունակել այնպիսի լուծման որոնումը, որը կհամապատասխանի Ռուսաստանի եւ Ճապոնիայի շահերին, ինչպես նաեւ ընդունելի կլինի երկու երկրների ժողովուրդների համար:

Ավելի վաղ ՌԴ նախագահը նշել էր, որ խաղաղության համաձայնագրի կնքումը հնարավոր է Հարավային Կուրիլյան կղզիներում համատեղ տնտեսական գործունեության եւ երկկողմ հարաբերությունների զարգացման միջոցով:

Տոկիոն, հիմնվելով 1855 թվականին կնքված երկկողմ առեւտրի եւ սահմանների մասին տրակտատի վրա, տարածքային հավակնություններ է ներկայացնում Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան եւ Հաբոմաի կղզիների նկատմամբ։