Ռուսաստանի արվեստի գործիչները իրենց տեսակետներն են հայտնել կապված Լենինին դամբարանից հանելու եւ թաղելու վերաբերյալ:
«Կարծում եմ, կգա ժամանակը, երբ դա անհրաժեշտ կլինի անել: Բայց ես կողմնակից չեմ, որ դրանից քաղաքական բեմադրություն սարքեն»,- ասել է «Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն, ռեժիսոր Կարեն Շահնազարովը: Նրա խոսքով, Լենինին թաղելու հարցը պետք է լուծեն սերունդները. «Ես կարծում եմ, նրանք կգտնեն ճիշտ որոշումը»:
Ռեժիսորը նշել է, որ ներկայումս այդ հարցն արդիական չէ. «Չեմ կարող ասել, որ երկրում այդ հարցն է ամենակարեւորը: Առավել եւս, որ կան շատ մարդիկ, որ դա չեն ուզում, ասենք վետերանները: Ինչո՞ւ դա անել, ո՞ւմ է նա խանգարում»,- ասել է Շահնազարովը:
Նա հավելել է, որ դամբարանը լուրջ ճարտարապետական ստեղծագործություն է, որը կրեմլյան կառույցների անբաժան մասնիկն է, իսկ Լենինը պետության ղեկավարներից մեկն է եղել:
Իր հերթին, հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն ասել է, որ կողմնակից է Լենինին թաղելուն: «Ես Վլադիմիր Իլյիչի ամենամեծ երկրպագուն չեմ, բայց կարծում եմ, որ նա կտրականապես դեմ կլիներ պառկել ապակե դագաղում եւ բոլորն իրեն նայեին»,- հայտարարել է Պոզները: Նրա կարծիքով, դա «մաքուր բարբարոսություն է»:
«Այդպես կարելի է պատժել մարդուն, նախապես հայտարարելով. «Մենք քեզ չենք թաղելու, այլ ի ցույց կդնենք բոլորին եւ բոլորը քեզ կնայեն»: Ես կարծում եմ, որ չարժեր նրան այդպես պատժել»,-ասել է հեռուստահաղորդավարը:
Այս շաբաթ Լենինին թաղելու խնդիրը Պետդումայում բարձրացրել է «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Մեդինսկին:





























