ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման արգելափակման քննարկումը լարվածություն է ստեղծում Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերություններում: Այս մասին ԱՄՆ այցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կոնգրեսում Թուրքիայի դեմ ուղղված բացասական մթնոլորտ է ստեղծվել՝ F-35 կործանիչների մատակարարման պատճառով: Զենիթահրթիռային համալիրների (Ս-400) գնման (Մոսկվայի հետ Անկարայի) համաձայնագիրը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածություն է առաջացրել,- շեշտել է նա: - Մինչդեռ մինչեւ Ռուսաստանի հետ պայմանագիրը, Թուրքիան ՀՀՊ համալիրների ձեռքբերման հնարավորությունը քննարկել է իր դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, սակայն մեզ մերժմամբ են պատասխանել: Այդ ժամանակ մենք ստիպված էինք այն Ռուսաստանից գնել»:
Թուրք նախարարի խոսքով՝ «եթե ԱՄՆ-ն պատրաստ է համանման համակարգեր վաճառել», ապա Թուրքիան «պատրաստ է դրանք ձեռք բերել»:
Մայիսի վերջին Չավուշօղլուն չէր բացառել Ռուսաստանից կործանիչների ձեռքբերման հնարավորությունը, եթե Վաշինգթոնը հրաժարվի Անկարային F-35 օդանավեր մատակարարել: A Haber հեռուստաալիքի եթերում նա նշել էր, որ Անկարան այս հարցում «առանց այլընտրանքների չի մնա»: Ըստ նրա պնդումների՝ Թուրքիան կարող է «դրանք ձեռք բերել կա՛մ Ռուսաստանից, կա՛մ ՆԱՏՕ-ի այլ երկրից, կա՛մ ցանկացած ուրիշ երկրից»:
Մայիսի 25-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել էր Պենտագոնի 2019 թվականի բյուջեի մասին օրինագիծը: Այն պաշտպանության նախարարին զրկում է Թուրքիային ամերիկյան սպառազինության մատակարարմանը հավանություն տալուց՝ առանց հատուկ զեկույց ներկայացնելու, որը վերաբերում է Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնմանը: Թուրքիան հայտարարել էր ավելի քան 100 F-35A կործանիչների գնման մտադրության մասին: Ամերիկացի օրենսդիրների առաջարկած միջոցառումը կարող է լրջորեն խոչընդոտել այս պայմանագրին:
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը մայիսի 25-ին հայտարարել էր, որ երկիրը կարող է ԱՄՆ-ի դեմ միջոցներ ընդունել, եթե Վաշինգթոնը հրաժարվի Անկարային F-35-ի մատակարարումից:




























