ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանն Իտալիայի Հանրապետության պետական տոնի՝ Ազգային օրվա առթիվ այսօր այցելել են Հայաստանում Իտալիայի դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին, մաղթել հաջողություններ եւ բարօրություն:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իտալական միջպետական կապերը զարգանում են պատմական ամուր հիմքերի եւ երկու ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգության հիման վրա: Գոհունակությամբ ընդգծելով հարաբերությունների գործընկերային բնույթը եւ փոխվստահության բարձր մակարդակը՝ նրանք միաժամանակ նշել են, որ համագործակցության ներուժը չափազանց մեծ է, եւ կողմերի խնդիրն է այն մշտապես բացահայտել:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն գործակցությանը, որը նաեւ հայ-իտալական փոխգործակցության օրակարգի կարեւոր ուղղություններից է: