Իսրայելի անվտանգությունը Գերմանիայի համար առաջնահերթություն է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բեռլինում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է AP-ն:
Նա դատապարտել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի թվիթն այն մասին, որ Իսրայելը տարածաշրջանի «քաղցկեղային ուռուցքն» է, որը պետք է հեռացնել, խոստանալով ուժեղացնել Իրանի վրա ճնշումը, որպեսզի այն նվազեցնի տարածաշրջանում իր ռազմական ազդեցությունը: «Մենք խստորեն դատապարտում ենք իրանական ղեկավարության այս հայտարարությունները», - ասել է Մերկելը, սակայն, միեւնույն ժամանակ վերահաստատել է իր դիրքորոշումն այն մասին, որ Իրանի միջուկային համաձայնագիրը Իրանում միջուկային զենքի զարգացումը կանխելու լավագույն ճանապարհն է: Մերկելը հայտարարել է, որ Իսրայելը եւ Գերմանիան բոլոր հարցերում միակարծիք չեն, բայց, այնուամենայնիվ, նրանք «ընկերներ ու գործընկերներն են»:





























