ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը կկայանա Սինգապուրի Սենտոսա կղզում, հայտնում է Սպիտակ տունը։

«Նախագահ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի սինգապուրյան գագաթնաժողովի վայրը կլինի Սենտոսա կղզու Capella հյուրանոցը։ Շնորհակալ ենք Սինգապուրի մեր բարեկամներին հյուրընկալության համար»,-հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանք հունիսի 12-ին տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ին, հիմնական թեման կլինի Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը։

Սենտոսա կղզին հայտնի է իր արմավենիների լողափերով, կազինոներով ու գոլֆի լավագույն դաշտերով։ Կղզու վրա է տեղակայված շքեղ Capella հյուրանոցը, որտեղ մեկ գիշերը արժի 500 դոլար, իսկ երեք ննջասենյակով վիլլան մեկ գիշերվա համար կարժենա 10 000 դոլար։

Սինգապուրի իշխանությունները Capella հյուրանոցը շրջապատող հատվածը անվտանգության հատուկ գոտի են հայտարարել գագաթնաժողովի անցկացման օրը՝ հունիսի 12-ին։ Ոստիկանությանը թույլատրված է խուզարկել բոլորին, ով կմտնի այդ շրջան։