Քաթարը կցանկանար միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), որի հետ այժմ արդյունավետորեն համագործակցում է: Այս մասին պաշտպանության նախարարության «Ալ-Թալյաիա» թերթին տված հարցազրույցում հայտնել է Քաթարի փոխվարչապետ, պաշտպանության պետնախարար Հալեդ նին Մուհամեդ ալ Աթիյան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քաթարն արդյունավետորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, այդ համագործակցությունն օրեցօր զարգանում է եւ կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի որեւէ ստորաբաժանման կամ մասնագիտացված կենտրոնի տեղակայմանը Քաթարում: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ապա մենք դաշինքի հիմնական դաշնակիցն ենք դրանից դուրս, ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցությանը հասնելու հավակնություններն առկա են դաշինքի գործընկերության ընդլայնման դեպքում», - ասել է Ալ-Աթիյան:

Նրա խոսքով՝ դաշինքը կարող է օգնել Քաթարին պայքարել ահաբեկչության եւ դրա ֆինանսավորման դեմ, ինչպես նաեւ կարող է դառնալ անվտանգության եւ կայունության երաշխավորը տարածաշրջանում: