Վարշավայում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում չեն քննարկվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից զենքի վաճառքի հարցերը: Այս մասին հունիսի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, հանրապետական պատգամավոր Կորյուն Նահապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե նստաշրջանի ընթացքում քննարկվել են Սլովակիայից Ադրբեջան իսրայելական արտադրության համազարկային կրակի համակարգերի մատակարարման հարցերը:
Նրա խոսքով՝ համանման հարցերը չեն մտել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի օրակարգում, ուստի հայկական պատվիրակությունը տեղին չի համարել դրանք հնչեցնել, քանի որ դա ոչ միշտ է ողջունելի: «Սակայն միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ երկկողմ հանդիպումների ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից զենքի վաճառքի հարցերը քննարկվում են»,- հավելեց Նահապետյանը:
Դրա հետ մեկտեղ, նա նշեց, որ անցյալ տարվա նստաշրջանի ընթացքում տարբեր պատվիրակություններ դժգոհություն են հայտնել Թուրքիայի, որպես այս կազմակերպության անդամի, ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրի ձեռքբերման վերաբերյալ: Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Թուրքիայի դիրքորոշումն առանձնապես խիստ է քննադատել նիդերլանդական պատվիրակությունը:
Դրանից զատ, Կորյուն Նահապետյանը շեշտեց, որ ադրբեջանական պատվիրակության անդամները, որպես կանոն, շատ հաճախ են բարձրացրել հարցեր, որոնք չեն մտել օրակարգի մեջ, եւ սա նստաշրջանի մասնակիցների շրջանում թյուրընկալում ու նույնիսկ վրդովմունք է առաջացրել: Այս տարի ադրբեջանցիները գործնականում ոչ մի ակտիվություն չեն դրսեւորել:





























