Անպատշաճ վարքագծի համար մեղադրանքների ֆոնին, որոնք հնչեցվել էին Սեուլում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ամուսնացած ֆիլիպինուհուն համբուրելուց հետո, Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ պաշտոնից, եթե իր հրաժարականի հանրագիրը ստորագրվի Ֆիլիպինցի բոլոր կանանց կողմից:
«Կարծում եմ, եթե ֆիլիպինցի բոլոր կանայք ստոագրեն իմ հրաժարականի հանրագիրը, ապա ես կհեռանամ»,- Դուտերտեի խոսքերը մեջբերում է Reuter գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախագահի շուրջ սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ հունիսի 3-ին Հարավային Կորեայում բնակվող ֆիլիպինցիների հետ հանդիպմանը Դուտերտեն մի կնոջ առաջարկել էր համբուրել իրեն գրքի դիմաց: Դուտերտեի պահվածքը բարկացրել էր սոցիալական ցանցերի օգտատերերին եւ ֆիլիպինյան իրավապաշտպան կազմակերպություններին:
Ֆիլիպինների նախագահը հայտնի է կանանց հասցեին իր ոչ կոռեկտ արտահայտություններով: Մասնավորապես, Դուտերտեն մի քանի անգամ հրապարակավ կատակել է բռնաբարությունների թեմայով: Մայիսին Ֆիլիպիններում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպոթյունները #BabaeAko («Ես կին եմ») քարոզարշավ էին սկսել սոցիալական ցանցերում, որի նպատակն էր ցույց տալ նախագահին, որ իր սեքսիստական մեկնաբանություններն անընդունելի են:





























