Այսօր՝ հունվարի 24-ին մեկնարկում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2011 թվականի առաջին լիագումար նիստը։ Նիստին մասնակցելու համար Ստրասբուրգ է մեկնել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը։ Լիագումար նիստի օրակարգում Հայաստանին վերաբերող հարց ներառված չէ, սակայն հայաստանյան պատվիրակության անդամ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հերթագրվել է՝ հարցեր ուղղելու Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին, ով պետք է ելույթ ունենա Թուրքիայի կողմից ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։
Թուրքիան ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու է նոյեմբերի 10-ից՝ վեց ամսով։ Նախատեսված է նաեւ այս կապակցությամբ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի ելույթը։
Նաիրա Զոհրամբյանը մտադիր է հարցապնդումներ ներկայացնել թուրք պաշտոնյաներին Հայոց Ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։
ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում սպասվում են նաեւ այլ ելույթներ։ Դրանց շրջանակում Նաիրա Զոհրաբյանը բարձրացնելու է Բաքվում, Սումգայիթում եւ Մարաղայում ադրբեջանցիների կողմից հայերի կոտորածի հարցը:
Նշենք, որ ադրբեջանահայերը Նաիրա Զոհրաբյանին փոխանցել են աշխարհի առաջնորդներին ուղղված իրենց հայտարարություն-կոչը, որում կոչ են անում Ադրբեջան այցելելիս չգնալ «Շահիդների պուրակ», քանի որ այնտեղ մարդասպաններ են թաղված:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը ավարտվելու է հունվարի 28-ին։





























