Նոյեմբերի սկզբին ԵՄ-ը կներկայացնի Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ ասոցիացված պայմանագրերի շուրջ բանակցությունների պայմանների հետ կապված առաջարկություններ։ Սեպտեմբերի 15-ին Բրյուսելում նման որոշում է կայացվել ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների կողմից։
Հանդիպման ընթացքում նախարարներն ուշադրությունը կենտրոնացրել են այն հարցի վրա, թե «ինչպես պետք է խորացնել երկկողմ հարաբերությունները» Հարավային Կովկասի երեք երկրների հետ՝ ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում։
Ինչպես հանդիպումից հետո հայտնել է Միության ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլի Ռենը, բանակցությունների ընթացքը կարելի է առաջ մղել «այնպիսի տեմպերով, որը հարմար կհամարեն նախագահող երկիրն ու ԵՄ անդամ պետությունները»՝ մինչեւ նոյեմբեր, այն բանից հետո, երբ պատրաստ կլինի բանակցությունների նախագիծը։
Սեպտեմբերի վերջին տեղի կունենա ԵՄ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու Հարավային Կովկասի երկրների հանդիպումը, իսկ հոկտեմբերի 26-27-ը տեղի կունենա այդ երկրների համագործակցության խորհուրդների հանդիպումը ԵՄ-ի հետ, որտեղ էլ կկայանա սույն հարցի քննարկումը։




























