Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հյուրընկալել է ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովի գլխավորած պատվիրակությանը։
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունների 100-ամյակների պատմությունը համագործակցության նոր որակի եւ հեռանկարների հնարավորություն է ստեղծում։ «Հայաստանն այսօր նոր որակի հարաբերություններ հաստատելու հնարավորություն է ստացել, եւ մեր գործընկերային-դաշնակցային հարաբերությունները պետք է ամրապնդվեն ու խորանան, ինչը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի շահերից»,-ասել նախարարը։
Իգոր Օռլովը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ նշել, որ Վայոց ձորի եւ Արխանգելսկի մարզերի միջեւ փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված երկարամյա, ջերմ եւ ընկերական հարաբերությունները նմանօրինակ հանդիպումներից հետո զարգացման նոր ձեւաչափեր, ծրագրեր եւ լուծումներ են ստանում։ Իգոր Օռլովը հայտնել է, որ վերջին հինգ տարիներին երկու մարզերի միջեւ առեւտրաշրջանառության ծավալներն աճել են մոտ հինգ անգամ եւ լրացրել, որ «Արխանգելսկ եւ Վայոց ձոր մարզերի համագործակցության միություն» ոչ առեւտրային կազմակերպությունը հնարավորություն է ստեղծում հայկական սփյուռքի գործուն ներգրավվածությամբ բացահայտել գործարար եւ առեւտրային կապերի զարգացման համար հեռանկարային նոր հնարավորություններ։
Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր կառավարությունը կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը հայ-ռուսական հարաբերությունների սերտացման եւ առկա ներուժի լիարժեք ու ամբողջական դրսեւորման համար։ Կարեւորելով զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ նախարարը միաժամանակ տեսակետ է հայտնել, որ ռուս զբոսաշրջիկների համար Հայաստանը դեռեւս ամբողջությամբ բացահայտված չէ, եւ այս հարցում հայկական համայնքը պետք է համակարգված եւ ակտիվ աշխատանք կատարի։
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են մշակույթի, տնտեսության, զբոսաշրջության, ավիացիոն հաղորդակցության պարզեցման ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր եւ համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջեւ փոխգործակցությունն ունի դեռեւս չբացահայտված հնարավորությունների շերտեր, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել։





























