Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը հայտարարել է, որ Ռուսաստանը միջամտել է երկրի՝ 2016 թվականին Եվրոպական միությունից դուրս գալու հանրաքվեին, գրում է The Guardian-ը։

Ըստ նրա, ինքը դրա հաստատումը ստացել է, երբ Դաունինգ սթրիթ գալուց հետո համապատասխան հարցն է տվել։

«Երբ ես եկա Դաունինգ սթրիթ, հարցրի՝ արդյոք Ռուսաստանը միջամտե՞լ է 2016 թվականի հանրաքվեին։ Ինձ միանշանակ պատասխան տվեցին՝ այո, միջամտել է», — պատմել է Բերնհեմը The Rest Is Politics փոդքաստում։

Նա չի հստակեցրել, թե ով է իրեն տրամադրել այդ գնահատականը, ինչ ապացույցների վրա է այն հիմնված եղել և արդյոք ենթադրյալ միջամտությունը կարող էր ազդել քվեարկության արդյունքների վրա։

Բերնհեմի հայտարարությունը նկատելիորեն տարբերվում է Մեծ Բրիտանիայի նախորդ պահպանողական կառավարությունների դիրքորոշումից, որոնք պնդում էին, որ հանրաքվեին Ռուսաստանի միջամտության ապացույցներ չկան։

2020 թվականին խորհրդարանի հետախուզության և անվտանգության կոմիտեն քննադատել է կառավարությանը և հատուկ ծառայություններին՝ Մոսկվայի հնարավոր միջամտությունը բավարար չափով չքննելու համար։ Կոմիտեի կարծիքով, նախարարները չեն պահանջել Ռուսաստանի գործողությունների համապարփակ գնահատում՝ չնայած բրիտանական քաղաքականության վրա ազդելու փորձերի մասին վկայություններին՝ ռուսաստանյան պետության հետ կապված լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հաշիվների միջոցով։

Կոմիտեն նաև նշել է, որ հանրաքվեից հետո կառավարությունը չի պատրաստել ենթադրյալ միջամտության փորձերի գնահատական՝ ի տարբերություն 2016 թվականի նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ում անցկացված հետաքննության։ Միևնույն ժամանակ, թշնամական պետության՝ ժողովրդավարական գործընթացի վրա ազդելու փորձերի փաստն ինքնին ուշադրության է արժանի՝ անկախ նրանից՝ դրանք հաջողվե՞լ են, թե՞ ոչ։

Բերնհեմը կոչ է արել բրիտանական իշխանություններին բացահայտ տեղեկացնել հասարակությանը օտարերկրյա պետությունների՝ ներքին քաղաքականությանը միջամտելու փորձերի մասին։ Նրա կարծիքով, դա հատկապես կարևոր է Եվրոպայում ծայրահեղ աջ քաղաքական ուժերի ակտիվացման ֆոնին։

«Կարծում եմ՝ մենք չափազանց երկար ժամանակ պաշտպանողական դիրք ենք զբաղեցրել և մարդկանց բավարար չափով չենք տեղեկացրել արտերկրից քաղաքական գործընթացը խաթարելու փորձերի մասշտաբների մասին», — հայտարարել է նա։

Բերնհեմը նաև պատմել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման մասին։ Նա տեղեկացրել է, որ իրենք քննարկել են աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունից բխող վտանգը, որը Մերցը, ինչպես պնդում է բրիտանական վարչապետը, կապում էր Ռուսաստանի հետ։

«Նա ինձ ասաց, որ AfD-ն ակնհայտորեն կապված է Ռուսաստանի հետ և, որքան հասկանում եմ, ֆինանսավորում է ստանում», — հայտնել է Բերնհեմը։ Նա նաև հայտարարել է գերմանական քաղաքականությունում ռուսաստանյան ապատեղեկատվության տարածման մասին։

Անցյալ ամիս Բերնհեմը հնարավոր էր համարել, որ ապագայում Մեծ Բրիտանիան կարող է վերադառնալ ԵՄ՝ հայտարարելով, որ կառավարությունը կդիտարկի Բրյուսելի հետ հարաբերությունների զարգացման բոլոր տարբերակները։