ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցումը քիչ էր մնում Գերմանիային հասցներ տնտեսական կործանման։ Շաբաթ օրը Թենեսի նահանգում նախընտրական ելույթի ընթացքում նա նաև պատմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած սպառնալիքների մասին։

Թրամփը խոսել է ավելի քան մեկ ժամ՝ անդրադառնալով թեմաների լայն շրջանակի։ Քննադատելով կանաչ էներգետիկայի զարգացումը՝ նա հայտարարել է, որ Գերմանիան «մոտավորապես երկու օր էր հեռու անհետացումից»։

«Մենք հրաժարվում ենք հողմաղացներից... Ցույց տվեք ինձ կանաչ էներգետիկա ունեցող մի երկիր, և ես ձեզ ցույց կտամ սնանկացած մի երկիր։ Գերմանիան փորձեց դա անել։ Նրանք մոտավորապես երկու օր էին հեռու անհետացումից»,- ասել է ամերիկյան նախագահը։

Թրամփը նաև Մակրոնին անվանել է «իրականում լավ տղա», սակայն պատմել է, որ սպառնացել է նրան ֆրանսիական ապրանքների նկատմամբ 250% մաքսատուրք սահմանել, եթե Ֆրանսիայի դեղագործական ընկերությունները չնվազեցնեն ամերիկյան շուկայի համար նախատեսված դեղերի գները։

«Ես ձեր անիծյալ գինու և այն ամենի վրա, ինչ դուք մեզ մատակարարում եք, 250% մաքսատուրք կսահմանեմ։ Ես ձեր գինու, շամպայնի և այն ամենի վրա, ինչ դուք մեզ ուղարկում եք, 250% մաքսատուրք կսահմանեմ, Էմանուել»,- հայտարարել է Թրամփը՝ վերապատմելով ֆրանսիացի առաջնորդի հետ ենթադրյալ հեռախոսազրույցը։