Հայաստանում էլեկտրական մեքենաների օգտագործման խթանումը կնպաստի ոչ միայն մթնոլորտի աղտոտվածության նվազեցմանը, այլ նաեւ մեծապես կազդի երկրի տնտեսական կայուն զարգացմանը եւ էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախկին նախարար Հայկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հայաստանում էլեկտրական մեքենաների օգտագործման խթանումը կնպաստի ոչ միայն մթնոլորտի աղտոտվածության նվազեցմանը, այլ նաեւ մեծապես կազդի երկրի տնտեսական կայուն զարգացմանը եւ էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։

Մենք դեռ հույս չունենք, որ Հայաստանում սեփական գազ եւ նավթ կգտնենք, բայց արդեն հստակ գիտենք, որ արեւային էներգետիկայով էժան էլեկտրաէներգիա ենք արտադրում։ Էլեկտրական մեքենաները դրական կնպաստեն էներգետիկ համակարգի հուսալիության բարձրացմանը, քանի որ կծառայեն, որպես կուտակիչներ։

Դրա համար ընդամենը պետք է, որ պետությունը ազատի այս մեքենաների նկատմամբ ԱԱՀ-ի կիրառումը եւ փոխհատուցի մաքսատուրքը (չի կարող ինքնուրույն ազատել, քանի որ ԵՏՄ անդամ ենք)։ Պետք է այստեղ նշել, որ երկարաժամկետ հարկային եկամուտների վրա դրական կազդի այս քայլը, քանի որ այդ մեքենաների «վառելիքը», հիմնականում արտադրվելու է Հայաստանում։ Մի խոսքով պետք է դուխով այս քայլը անել»,-գրել է Հայկ Հարությունյանը։