Ոչ ոք առիթ չունի կասկածելու, թե Հայաստանն ու Ռուսաստանն այսօրվա դրությամբ անջատվում են միմյանցից։ Սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը։
Մեկնաբանելով վերջին ժամանակներս տարածված այն պնդումը, թե հայ-թուրքական սահմանի բացմամբ, Ռուսաստանի ազդեցությունը հարավ-կովկասյան տարածաշրջանում ու մասնավորապես Հայաստանում կարող է թուլանալ, Կրիվոպուսկովը նշել է, որ նման բան կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը անգործության մատնվի. «Վախենալու պատճառ չկա, պարզապես հարկավոր է կարողանալ ճիշտ որոշումներ կայացնել ժամանակին»։
«Հայաստանի ու Ռուսաստանի շահերը պատմական են ու ենթակա չեն փոփոխության, իսկ Թուրքիայի հետ սահմանին ու միջազգային հարաբերությունների զարգացմանն ուղղված Հայաստանի ծրագրերին առնչվող բոլոր հայտարարություններն աջակցություն են ստանում Ռուսաստանի կողմից»,- հայտարարել է Ռուսաստանի դեսպանատան խորհրդականը։




























