Ճապոնիան եւ Միացյալ Նահանգները կշարունակեն համատեղ զորավարժությունները եւ կամրապնդեն երկկողմ դաշինքի պաշտպանության հնարավորությունը: Այս մասին Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Իտունորի Օնոդերան, փոխանցում է AP- ն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Ճապոնիան պայմանավորվածություն են ձեռք բերել Հյուսիսային Կորեայի ծովային փոխադրումների խնդրի լուծման համար այլ երկրների հետ աշխատելու վերաբերյալ, ինչը կարող է խախտել տնտեսական պատժամիջոցները:
Հանդիպումից հետո Մաթիսը լրագրողներին հայտնել էր, որ իր այցը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներն առաջնահերթ նշանակություն են տալիս երկու երկրների միջեւ ռազմական հարաբերություններին: Նա նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն «աննախադեպ բանակցությունների» մեջ է գտնվում Հյուսիսային Կորեայի հետ, «երկարատեւ դաշինքը Ճապոնիայի եւ Միացյալ Նահանգների միջեւ պահպանվում է»:
«Մենք վստահ ենք, որ ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները չեն վնասի այս հարաբերություններին»,- ասել է նա: Մաթիսը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «դաշինքի հնարավորությունների ընդլայնման հեռանկարները, համագործակցության խորացումը եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը»:





























