Կիրակի օրը Թուրքիայում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ գործող նախագահ Էրդողանն ու նրա AKP կուսակցությունը: Փորձագետները քննարկում են ընտրությունների արդյունքներն ու դրանց հետեւանքները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Թուրքիայի Հանրապետությունն այժմ նոր էջ է բացում իր պատմության մեջ, եւ դեռեւս պարզ չէ՝ ինչպիսի երկիր ենք ունենալու արդյունքում»,- նշում է թուրք լրագրող Իլհան Թանիրը:
Օրերս Թուրքիայում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախագահ Ռեջեփ Էրդողանը վերընտրվեց իր պաշտոնում: Վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ ընտրություններն անցել են խախտումներով:
«Նախընտրական քարոզարշավը արդար եւ ազատ չէր: Պայմանները հավասար չէին: Նախագահ Էրդողանը լայնորեն օգտագործեց վարչական ռեսուրսը»,- նշում է Թանիրը:
«Ընտրություններում գրանցվեցին խախտումներ: Դա առաջին դեպքը չէ Թուրքիայի պատմության մեջ»,- ասում է պրոֆեսոր Ալի Չարկօղլուն:
Այս ընտրություններն աչքի ընկան ընդգծված հասարակական բեւեռացմամբ եւ կոշտ քաղաքական պայքարով: Ընտրողների ձայների 53 տոկոս ստացած Էրդողանի մրցակիցն էր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մուհարեմ Ինջեն, ով ստացավ ձայների ավելի քան 30 տոկոսը:
«Այս ընտրությունները չափազանց կարեւոր էին, քանի որ վերահաստատում էին նախագահ Էրդողանի թիմի առաջ քաշած նոր համակարգը»,- ընդգծում է պրոֆեսոր Չարկողլուն:
Հիշեցնենք, որ այս ընտրություններն արտահերթ էին: Վերլուծաբանների կարծիքով արտահերթ ընտրությունների նշանակման հիմքում էր ընկած Թուրքիայի տնտեսական իրավիճակը:
«Էրդողանը չի ցանկացել դիմել ռիսկի, քանի որ տնտեսական իրավիճակը գնալով ավելի է բարդանում եւ մեծանում է ճգնաժամի հավանականությունը»,- կարծում է թուրք լրագրող Իլհան Թանիրը:
«2013 թվականից Թուրքիայի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի անկում: Բացի այդ, վերջին տարիներին առկա է արտաքին ներդրումների հոսքի զգալի կրճատում»,- փաստում է բանկային ոլորտի մասնագետ Չարլզ Ջոնսոնը:
Նախագահական ընտրություններին զուգահեռ անցան խորհրդարանական ընտրություններ: Էրդողանի իշխող AKP կուսակցությունը դաշինքով հանդես եկավ Ազգայնական շարժում կուսակցության հետ, որը ծայրահեղ աջ ազգայնական քաղաքական ուժ է:
«Ես այնքան էլ լավատես չեմ՝ հաշվի առնելով, որ Էրդողանը դաշինքի մեջ է ծայրահեղ աջ ազգայնականների հետ»,- արձագանքում է Բրուքինգս հաստատության թուրքական ծրագրի ղեկավար Քիմալ Քիրիսչին:
Թուրքիայում կպահպանվի ավտորիտար կառավարման մոդելը, կարծում են փորձագետները: Իլհան Թահիրի կարծիքով Էրդողանի վարած քաղաքականությունը հանգեցնում է հասարակական բեեւեռվածության խորացմանը:
«Էրդողանը կշարունակի բեեւեռացնել երկիրը: Այս վերջին տարիների նրա քաղաքականությունը հանգեցրել է դրան: Այս գործոնը նա օգտագործում է ընտրությունների ընթացքում»,- նշում է Թանիրը:
Արտաքին քաղաքականության բնագավառում եւս չկան մեծ փոփոխությունների ակնկալիքներ: Փորձագետների կարծիքով Էրդողանը կշարունակի նույն քաղաքականությունը ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ այլ տարածաշրջաններում, ներառյալ Հարավային Կովկասը: Հայ-թուրքական հարաբերություններում եւ մի շարք այլ հիմնախնդիրներում, ըստ վերլուծաբանների, եւս չկա որեւէ առաջընթացի հույս:
«Ավելի շատ ազգայնական եւ ավելի քիչ ժողովրդավարական Թուրքիան կարող չէ լուծել Կիպրոսի հիմնախնդիրը, Եվրամիության հետ վարել բանակցություններ եւ ուղիներ փնտրել Հայաստանի հետ երկխոսելու համար»,- կարծում է թուրք լրագրող Թանիրը:
Վերլուծաբանները գտնում են, որ նախագահ Էրդողանը մշտապես օգտագործում է արտաքին քաղաքական հիմնախնդիրներն իր ներքաղաքական օրակարգն առաջ մղելու համար:





























